Կրթության նախարարը մտածում է տուգանք սահմանել լեզվի մասին օրենքը խախտողների նկատմամբ

Արայիկ Հարությունյանն տնտեսվարողներին, հյուրանոցների տերերին զգուշացնում է չխախտել լեզվի մասին օրենքն ու օտար ելույթների համար հայերեն թարգմանություն նախատեսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա տնտեսվարողներին զգուշացնում է չխախտել օրենքը և մտածում կանխարգելող քայլեր կիրառելու մասին։

Կրթության նախարարը կոչ է անում «դուխով» համագործակցել քննության հետ. «+326 միլիոն դրամ»

«Լեզվի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի «բ» ենթակետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների եւ պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Հարգելի տնտեսվարողներին, հյուրանոցների սեփականատերերին, այլ տարածքներ վարձով տրամադրող ընկերություններին կոչ եմ անում յուրաքանչյուր կազմակերպչի զգուշացնել այս օրենքի հնարավոր խախտման և համաժամանակյա թարգմանության պարտադիր լինելու մասին: Այս կապակցությամբ շուտով կուղարկվեն շրջաբերականներ:

Առաջիկայում հանդես կգանք նախաձեռնությամբ, որպեսզի այս կետը խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար»,–գրել է նախարարը: