«Յունիգրաֆ–Իքս» ընկերության «կերած» փողերը կգտնեն քննիչները

«Յունիգրաֆ–Իքս»–ի գործունեության առնչությամբ քրեական գործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի դեմ քրեական գործ է հարուցվել: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը:

Կենդանիներին տանջել են, փողերը` «կերել». «Յունիգրաֆ–իքս»–ի շուրջ սկանդալ է ծավալվել

Նա հրապարակել է քրեական գործ հարուցելու մասին ոստիկանության որոշումը։

«Այսօր ստացա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության որոշումը, որում նշված է, որ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաև ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերևույթ դեպքերի առիթով»,- գրել է նա։

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ «Յունիգրաֆ-Իքս» ընկերությունում 185 մլն դրամի յուրացման դեպք է բացահայտել։ Պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա: Ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռք բերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա: Իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ: Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը։