ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ 2015թ. ճանաչվեց սնանկ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «դրական» է գնահատել թավշյա հեղափոխությունը:
«Այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձևով»,-ասել է նա:
Թերթի հարցին, թե բիզնես փակելու գործոններից մեկն արդյոք Սերժ Սարգսյա՞նն էր, Բաղդասարովը դրական պատասխան է տվել: «Դե, դժվար չէ կռահել: Բայց կարծում եմ, որ այդ մասին չեմ խոսի»:
Նա չի բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին կսկսի բիզնեսով զբաղվել. «Եթե պետությունը կարծի, որ ես կարող եմ օգնել ինչ-որ հարցով, եթե առաջարկ անեն, և եթե գոհ լինեմ այդ առաջարկից, տան հնարավորություն ինչ-որ բան կլինի»,-ասել է Բաղդասարովը՝ հավելելով, որ դեմ չէ այդ հարցերի շուրջ խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
Նշենք, որ Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: