Ինչպես են ադրբեջանցիները հասել Գյուննութ ու լուսանկարներով ողողել համացանցը

Հայկական կողմը հերքում է ադրբեջանական կեղծ քարոզչությունը՝ ներկայացնելով իրական պատմությունն այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները հասել հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն ակտիվորեն տարածում են տեղեկությունն այն մասին, որ Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինուժը հող է «ազատագրել»` ազատ մուտք ու ելք ապահովելով ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական հաղորդագրություններում նշվում է նախկին ադրբեջանաբնակ Գյուննութ գյուղը:

Ադրբեջանը խնդրանքով դիմել է Հայաստանին. հայկական կողմը չի մերժել

Իրականում, սակայն, պարզվում է` բոլորովին այլ բան է տեղի ունեցել։ Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է տարածել, որ իրականում օրեր առաջ Ադրբեջանը դիմել է ՀՀ ՊՆ-ին՝ խնդրելով թույլատրել ադրբեջանցիներին այցելել գյուղի իրենց գերեզմանատուն: Այստեղ նրանք ոչ միայն հարգել են նախնյաց հիշատակը, այլև լուսանկարվել։ Եվ այդ լուսանկարներն էլ հիմա ծառայում են ադրբեջանական քարոզչությանը: Հայկական զինուժի մարդասիրական քայլը, փաստորեն, Ադրբեջանը հերթական անգամ իր քարոզչական նպատակներին է ծառայեցրել:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Գյուննութը գտնվում է այնպիսի տեղանքում, որ ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմը չեն կարող լիարժեք վերահսկողություն ունենալ:

«Ավերված գյուղի մի արվարձանում մեր դիրքերն են, մյուսում իրենք դիրքեր ունեն: Ուղղակի հաշվի առնելով լարվածության թուլացման հանգամանքը և այն, որ ադրբեջանական կողմն այս հատվածի վերաբերյալ առաջին անգամ է նման խնդրանքով դիմել, մենք մարդասիրական նկատառումներից ելնելով` թույլատրել ենք մի քանի ադրբեջանցիների մոտենալ իրենց գերեզմաններին, հարգանքի տուրք մատուցել և հեռանալ»,- ասաց նա:

ՀՀ ՊՆ խոսնակի հավաստմամբ` նման նախադեպեր հայաստանյան տարածքի այլ հատվածներում ևս եղել են, ուստի հայկական կողմը դրանում որևէ ռիսկային բան չի տեսնում:

Հայկական կողմը վստահեցնում է, որ լիարժեք տիրապետում է իրավիճակին:

Նշենք, որ վերոհիշյալ Գյուննութ գյուղը գտնվում է Նախիջևանի և Արարատի մարզի սահմանային հատվածում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ գյուղը դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, այստեղից պարբերաբար հրետակոծում էին հայկական գյուղերը, մասնավորապես ՝ Զանգակատունն ու հարևան բնակավայրերը: 1992 թվականի մայիսի 9-ին Զանգակատուն գյուղի բնակիչ ազատամարտիկներն Արարատի և Արտաշատի կամավորական ջոկատների հետ համատեղ ուժերով հետ մղեցին Գյուննութի բարձունքում ծվարած ադրբեջանական զինյալներին: Այս գործողության շնորհիվ հայկական գյուղերն ազատվեցին Գյուննութի բարձունքից անդադար սպառնացող վտանգից: