ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 8-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարության և առանձին երկրների պաշտոնակիցների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նախ` ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության օրակարգային հարցերը և զարգացման հեռանկարները: Ընդգծվել է հայ-հունական ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Դավիթ Տոնոյանը և Պանայոտիս Կամենոսը պայմանավորվածություններ են ձեռք բերել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով մի շարք նոր համատեղ նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է ՀՀ պարտավորությունները՝ առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում իրականացնելու վերաբերյալ:
Նիստի ավարտին Դավիթ Տոնոյանն առանձին հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմոլլերի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարբեր ձևաչափերով ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը և հետագա ծրագրերը:
Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածարջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: