Սփյուռքի նախարարը լավ նորություն ունի սփյուռքահայերի համար

Министр диаспоры Армении Мхитар Айрапетян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Մխիթար Հայրապետյանը փարատեց ժամանակավորապես դադարեցված ծրագրերի հետ կապված մտավախությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվելու են, Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։

Участники программы Ари тун в Гарни
«Երեխաներին սև խավիարո՞վ էիք կերակրում». նախարարության ծրագրերը միառժամանակ կկասեցվեն

Նրա խոսքով` մեր հայրենակիցներից շատերը մտավախություն ունեին, որ «Արի տուն» «Սփյուռք ամառային դպրոց» և «Իմ Հայաստան» ծրագրերն ընդհանարապես կչեղարկվեն, մինչդեռ խոսքը ժամանակավորապես հետաձգելու մասին է։

«Վերահաստատում եմ, որ ծրագրերը ոչ մի դեպքում չեն կասեցվում։ Մենք մտավախություն ունեինք և շարունակում ենք ունենալ, որ կային կոռուպցիոն ռիսկեր։ Համարում ենք, որ տենդերների իրականացման ժամանակ թափանցիկություն և հավասար պայմաններ չեն ապահովվել»,- նշեց նախարարը։

Հայրապետյանը հայտնեց նաև, որ լավ նորություն ունի մեր հայրենակիցների համար։

«Մեծ էր մտահոգությունը, որ եթե ծրագիրը հետաձգվեր, սփյուռքահայ երեխաները կկորցնեին Հայաստան գալու հնարավորությունը։ Մենք օպերատիվ խումբ ստեղծեցինք, աշխատեցինք և եկանք այն տեսակետին, որ ծրագիրը կիրականացվի այս ամռանը»,- ասաց նա։

«Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» մեկտեղված ծրագիրն ունենալու է երկու կոմպոնենտ՝ կրթական և ճանաչողական։ Ծրագիրը լինելու է քսանօրյա, նախնական տվյալով` մեկնարկելու է օգոստոսի 10-ին։

«Իսկ նրանք, ովքեր չեն կարողացել ավիատոմսերը հետ վերադարձնել, մոտ 150 հոգի, նրանք միանշանակ կվայելեն մեր նախարարության աջակցությունը, նախատեսված ծրագիրը, որը լինելու է համեմատաբար ոչ հագեցած, անցումային, կոմպրոմիսային ծրագիր, իրականանալու է»,-ասաց Հայրապետյանը:

Նախարարը հայաստանաբնակներին խնդրեց օգնել այս հարցում։

«Ահավասիկ այս բարդ գործում նախարարությունն ունի ձեր աջակցության կարիքը: ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հնարավորության դեպքում 2-3 շաբաթով իրենց տանը հյուրընկալել սփյուռքից ժամանած մեր հայրենակիցներին»,- ասաց Հայրապետյանը:

Նախարարը նշեց, որ այդպիսով նախարարությունը կկարողանա շրջանցել կոռուպցիոն ռիսկերը, իսկ օգոստոսին կայանալիք ծրագրի համար նոր մրցույթ է հայտարարվելու:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն «Արի տուն» ծրագիրն իրականացնում է 2009 թվականից։ Ծրագրի հիմնական նպատակն է սփյուռքահայ երիտասարդների ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին։ Ծրագիրը ներառում է այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, համերգներ, փառատոներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, հայոց լեզվի, գրականության, պարարվեստի, հայոց պատմության և եկեղեցական ավանդույթների ուսուցում։ Ծրագրի կարևոր բաղադրիչն է շփումը Հայաստանի և Սփյուռքի հասակակիցների միջև, ինչպես նաև հանդիպումները պետական և հասարակական ակնառու գործիչների հետ։
Ծրագրին կարող են մասնակցել 13-17 տարեկան սփյուռքահայ երիտասարդները։