Ադրբեջանը խնդրանքով դիմել է Հայաստանին. հայկական կողմը չի մերժել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական կողմը խնդրել է թույլ տալ մոտենալ գերեզմանատեղիներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Սույն թվականի հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը` խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ»,- նշել է նա։

Ըստ Հովհաննիսյանի` հայկական կողմը, հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին։

Նշենք, որ վերոհիշյալ Գյուննութ գյուղը գտնվում է Նախիջևանի և Արարատի մարզի սահմանային հատվածում: Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ գյուղը դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, այստեղից պարբերաբար հրետակոծում էին հայկական գյուղերը, մասնավորապես ՝ Զանգակատունն ու հարևան բնակավայրերը: 1992 թվականի մայիսի 9-ին Զանգակատուն գյուղի բնակիչ ազատամարտիկներն Արարատի և Արտաշատի կամավորական ջոկատների հետ համատեղ ուժերով հետ մղեցին Գյուննութի բարձունքում ծվարած ադրբեջանական զինյալներին: Այս գործողության շնորհիվ հայկական գյուղերն ազատվեցին Գյուննութի բարձունքից անդադար սպառնացող վտանգից: