ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի G7 գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դուր է գալիս ձեզ դա, թե ոչ, բայց աշխարհը պետք է կառավարել, իսկ «Մեծ յոթնյակը» Ռուսաստանին դուրս է շպրտել «ութնյակից»։ Ռուսաստանին պետք է վերադարձնել, նա մեզ պետք է բանակցությունների սեղանի մոտ», — ասել է Թրամփը։
Ամերիկայի նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանը պետք է ներկա լինի G7 գագաթնաժողովին, որն այժմ անցկացվում է Կանադայի Քվեբեկ քաղաքում։
Թրամփի գաղափարը դուրս է եկել Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի վերադարձը բոլորի շահերից է բխում։
Կրեմլում արդեն մեկնաբանել են Ամերիկայի նախագահի ասածը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվան «շեշտը դնում է այլ ձևաչափերի» վրա։
Հիշեցնենք, որ G7-ը Ռուսաստանի անդամակցության հաշվին ընդլայնել էին 1998 թվականին։ Սակայն 2014 թվականին, երբ Ղրիմը վերադարձավ ՌԴ-ի կազմ, ակումբի անդամները հրաժարվեցին ժամանել Սոչիում անցկացվող գագաթնաժողովին և հայտարարեցին, որ չեն ցանկանում Ռուսաստանի հետ մասնակցել նիստին այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր արտաքին քաղաքականությունը։ Այժմ «մեծ յոթնյակի» կազմում են Գերմանիան, ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան։