Հայաստանը ինչի չի գնա հանուն տարածաշրջանում անվտանգության. բացահայտում է ԱԳՆ ղեկավարը

Հայաստանին պետք է տարածաշրջան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց ոչ հայ ժողովրդի անվտանգության հաշվին։ Հենց այդ տրամաբանության շրջանակում էլ հայկական կողմը ցանկանում է շարունակել արցախյան հակամարտության բանակցային գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Արցախյան հակամարտության լուծումը եղել և մնում է միայն Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա գիծը։ Այդ մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը, որը նախօրեին Մոսկվայում բանակցություններ է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Մնացականյանը միաժամանակ նշել է, որ բոլոր փոփոխությունները, որոնք վերջին շրջանում տեղի են ունեցել Հայաստանում, արտաքին քաղաքական օրակարգ չեն ունեցել և դրդված չեն եղել արցախյան հարցով։

Մնացականյանը խոսեց Լավրովի լեգենդար ունակության մասին

«Մենք ունենք բանակցային գործընթացի դինամիկա, առկա է 2016թ.–ի ապրիլի ծանր գործոնը, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի բանակցային ձևաչափը։ Կան մշակումներ, որոնք մենք հիմա գնահատում ենք։ Կա համանախագահության ձևաչափում խաղաղ կարգավորումը շարունակելու մտադրություն», – ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` Արցախի հարցում հայ հասարակության մեջ տիրում է ընդհանուր, համախմբված դիրքորոշում։ Արցախը Հայաստանի համար եղել է և մնում է կոնկրետ անուններով, կոնկրետ մարդկանց` Արցախի բնակչության անվտանգության հարցը։ Նրանց անվտանգությունը և կարգավիճակը Երևանի համար ամենակարևոր գործոնն է։

«Արցախի 150 հազար բնակչի անվտանգության հարցը միավորում և համախմբում է հայ հասարակությանը Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Մենք ողջամիտ մարդիկ ենք և ամուր հիմքեր ունենք առաջադրելու հարցեր Արցախի անվտանգության և կարգավիճակի թեմայով», – հավելել է Մնացականյանը։

Հայաստանին պետք է տարածաշրջան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց ոչ հայ ժողովրդի անվտանգության հաշվին։ Հենց այդ տրամաբանության շրջանակում էլ հայկական կողմը ցանկանում է շարունակել բանակցային գործընթացը։