«Սասնա ծռերից» Արամ Հակոբյանն ազատ արձակվեց

Դատարանը որոշել է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանին ազատել գրավի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Երևանի Ավան-Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը քիչ առաջ փոխեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը` նրան ազատ արձակելով 500 հազար դրամ գրավի դիմաց։

«Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանին ազատ արձակեցին

Արամ Հակոբյանը «Հիմնադիր խորհրդարանի» Շիրակի կառույցի ղեկավարն է։ Նրան քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենք-զինամթերք ձեռք է բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զուգորդված շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ զավթելու, երկուսից ավելի անձանց պատանդ վերցնելու և պահելու, ինչպես նաև պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություներ կատարելուն հարկադրելու համար։

Հակոբյանը «Սասնա ծռերից» արդեն չորրորդ ազատ արձակված ամբաստանյալն է։ Ավելի վաղ դատարանը փոխել էր նաև Տիգրան Սարգսյանի և Հովհաննես Վարդանյանի, Արեգ Կյուրեղյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումները։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում երեք ոստիկաններ էին զոհվել: Զինված խմբի անդամներն իրենց արարքը որակում են որպես ապստամբություն և չեն ընդունում առաջադրված մեղադրանքը։