«Սասնա ծռերի» առաջնորդի որդուն ազատ արձակեցին

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանն ազատ արձակվեց կալանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» անդամ Արամ Պավելի Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց։ Նա նիստերի դահլիճից ազատ արձակվեց։

Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը ներկայացրել է նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը։

«Սասնա ծռերից» Արամ Հակոբյանն ազատ արձակվեց

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Հայկ Կոնջորյանը անձնական երաշխավորություն էին ներկայացրել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Ավելի ուշ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորներ նույնպես անձնական երաշխավորություն էին ներկայացրել։

Դատավոր Արշակ Պետրոսյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց միջնորդությունը։

Մանուկյանը «Սասնա ծռերից» հինգերորդն է, որ ազատ է արձակվում։ Ավելի վաղ դատարանը փոխել էր նաև Արամ Հակոբյանի, Տիգրան Սարգսյանի, Հովհաննես Վարդանյանի, Արեգ Կյուրեղյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումները։

Հիշեցնենք` 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։