Հայաստանը երբեք մի գործընկերոջ հետ հարաբերությունները չի կառուցել մյուսի հաշվին

Մենք վստահ ենք, որ ուժեղ և կայուն Հայաստանը լավ գործընկեր է, վստահ է ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանը երբեք մի գործընկերոջ հետ հարաբերությունները չի կառուցել մյուսի հաշվին։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում։

Մնացականյանը նշել է, որ Հայաստանն օգտագործում է փոխգործակցության տարբեր մեխանիզմներ՝ ՀՀ անվտանգության կառուցվածքն ու զարգացման լծակները ամրացնելու համար:

Հայաստանը կարգելի՞ արդյոք Բաքվի անդամակցությունը ԵԱՏՄ–ին. պարզաբանում է նախարարը

«Մինչ օրս Հայաստանը որևէ քայլ չի արել մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին», – ասել է նախարարը` պատասխանելով այն դիտարկմանը, թե անվտանգության ոլորտում Երևանի ու Վաշինգտոնի համագործակցությունը կարող է նյարդայնացնել Մոսկվային։

«Մենք երկխոսություն ունենք ԱՄՆ հետ, ԵՄ հետ, սակայն, մենք գործընկերներ ենք ՌԴ հետ, աշխատում ենք մեր անվտանգության համակարգի ու զարգացման ուղղությամբ, ՌԴ հետ գործընկերությունը խորն է: Եվ որքան ամուր կանգնած լինենք մեր ոտքերի վրա, այնքան հուսալի գործընկեր կլինենք բոլորի համար: Եվ առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանին», – հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նա հավելել է, որ Հայաստանի դիրքորոշումն այս տարիներին անփոփոխ է մնացել։ Մնացականյանը չի հավատում, որ ինչ–որ քաղաքական ուժ կարող է ինչ-որ մեկին համոզել, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է վտանգավոր «զիգզագներ» անել։

«Արևելյան գործընկերությունը» համագործակցության և երկխոսության հարթակ է։

ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով՝ եթե այնտեղ «համագործակցությունն ու երկխոսությունը կայանային ինչ-որ մեկի հաշին, ապա մենք չենք կարող մասնակցել նման հարթակի». «Դա դեմ է մեր սկզբունքներին: Եվ մենք՝ որպես մասնակիցներ, դա թույլ չենք տա: Մեր ներկայությամբ դա չի կարող տեղի ունենալ»:

Պատասխանելով հարցին, թե որն է այս գործընկերության շրջանակում Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների վերջնական կետը` Մնացականյանը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է: «Մենք համագործակցում ենք ԵՄ-ի հետ, օրակարգ ունենք ԱՄՆ-ի հետ: Օրակարգ կա նաև Վրաստանի և Իրանի հետ. դրանք մեր հարևաններն են: Կարող եք կոչել դա վերջնական կամ որևէ այլ կետ, սակայն մենք ձևավորված ձևաչափեր և համագործակցության հարթակներ ունենք, որոնք հաշվարկված են՝ ելնելով զարգացման և անվտանգության մեր տեսլականից: Այն ամենը, ինչ մենք արել ենք մինչև հիմա, ծառայում են այդ նպատակներին` զարգացմանն ու անվտանգության»: