ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների բնականոն զարգացումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերի արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի:
«Մենք առավելագույն ջանքեր կգործադրենք երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Շահագրգռված ենք նոր ազդակ հաղորդել հայ-իրանական կապերին՝ փոխադարձ շահերի հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դեսպան Սաջադին նշել է, որ կան բոլոր նախադրյալները տնտեսական կապերի ընդլայնման ու խորացման համար, և դրան կարող են էապես նպաստել Մեղրի ազատ տնտեսական գոտին, Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի առկայությունը:
Զրուցակիցները քննարկել են Մեղրի և Արաս ազատ տնտեսական գոտիների համագործակցության ընդլայնմանը, էներգետիկայի, առողջապահության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը և պարոն Սաջադին ընդգծել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել ենթակառուցվածքների բարելավումն ու երկկողմ կանոնավոր չվերթերի իրականացումը:
Կողմերն անդրադարձել են նաև հայ-իրանական համատեղ ներդրումային ծրագրերի ընթացքին: