Անապահովների հարցը լուծվեց, մնացին ապահովները. ե՞րբ կնվազի էլեկտրաէներգիայի գինը

Անապահովները էժան էլեկտրաէներգիա կստանան հուլիսի 1-ից, մյուսները դեռ պետք է սպասեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 hունիսի — Sputnik. Հայաստանի անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագնի էժանացումն ուժի մեջ կմտնի ս.թ. հուլիսի 1-ից։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նախարարը նաև նշեց, որ կառավարության հետ քննարկումների արդյունքում ՀԷՑ–ը համաձայնել է իր շահույթի հաշվին նման նվազեցում կատարել, իսկ թե ինչու նախկինում նման բան չէր արվում, նախարարը դժվարացավ պատասխանել։

Հայաստանի անապահով քաղաքացիների համար լույսի գինը կարելի է մեկ քառորդով նվազեցնել. նախարար

«Բանակցել ենք, և ՀԷՑ–ը պատրաստ է գնալ նման նվազեցման։ Դա իր տարեկան շահույթի շուրջ 2 մլրդ դրամն է»,– ասաց Գրիգորյանը։

Հայաստանի մյուս սպառողները էլեկտրաէներգիայի էժանացման հարցում պետք է սպասեն ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը, քանի որ սակագների կարգավորումը պետական այդ մարմնի իրավասության տիրույթում է։

«Մենք ունենք մեր կողմից համապատասխան վերլուծություն։ Ընդամենը մեր վերլուծությունները կտրամադրենք ՀԾԿՀ–ին»,– ասաց նախարարը` հավելելով, որ դա կլինի ոչ շուտ, քան օգոստոսի 1-ին, քանի որ սակագնի վերանայման գործընթացը տեղի է ունենում տարվա մեջ մեկ անգամ։

Բայց էներգետիկայի նախարարը հիշեցրեց` մինչև ատոմակայանի գործարկումը սակագնի նվազեցումը ռիսկային է պետության համար, ուստի սպառողները պետք է ավելի երկար սպասեն։

«Քանի որ նախադեպը չունեցող պրոցես է հիմա տեղի ունենում, ՀԱԷԿ–ի գործարկման 1 օրվա ուշացումը մեզ վրա 220 մլն դրամի վնաս է արժենալու։ Ուստի, այդ հանգամանքից ելնելով` սակագնի վերանայման էներգահամակարգի հնարավորությունները կներկայացնենք տարվա վերջին»,– ասաց նա։

Այսօր կառավարության նիստում հայտարարվեց, որ Հայաստանի անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 10 դրամով, ներկայիս ցերեկային` 40 և գիշերային 30 դրամ փոխարեն նրանք կվճարեն համապատասխանաբար` 30 և 20 դրամ 1 ԿՎտ/ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց։