Երևանում դպրոցականը ծննդատան բակում ծեծել է 59 տարեկան տղամարդուն

Դպրոցականին բռնել են ու պարզել, որ նա 11-րդ դասարանցի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Քանաքեռ-Զեյթուն ծննդատան բակում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, որից տուժել է ծննդատան տնտեսվարը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

«Բաժակը վերցրեց, ջարդեց գլխին». պատգամավորի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասները

Երեկ՝ հունիսի 7-ին, ժամը 18։50-ի սահմանում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից ահազանգել են, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի՝ «աջ այտոսկրի սալջարդ» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել են, որ վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 59-ամյա Արմեն Բ.-ն։

Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է ծննդատան բակում, երբ նկատել է, որ մի խումբ քաղաքացիներ վիճաբանում են ու ինքը փորձել է միջամտել, որպեսզի դադարեցնեն վիճաբանությունը։ Այդ ժամանակ հարվածներ է ստացել նաև տղամարդը։

Արմեն Բ.-ին մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ոստիկանություն են ներկայացրել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 17-ամյա Հրաչյա Ա.-ին, որը սովորում է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում։

Նա բացատրություն է տվել հետաքննիչին, հետո նրան բաց են թողել։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Իսկ Արմեն Բ.-ին, ով աշխատում է նշված ծննդատանը՝ որպես տնտեսվար, տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Ոստիկանությունը պարզում է նաև կռվի մասնակիցների ինքնությունը։