ՌԱԴԻՈ

Անանյան. «Մաշադյանին ԱԱԾ հրավիրելը բնականոն գործընթաց է»

Դավիթ Անանյանը կոչ է անում պաշտոնյաների կոռումպացվածության մասին փաստեր ունենալու դեպքում հանցագործության մասին հայտարարություն անել։
Sputnik
Դավիթ Անանյան

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հրավիրվել է ԱԱԾ բացատրություն տալու, քանի որ մամուլի ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ որոշակի տեղեկություններ է հայտնել։ Այսօր լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` չցանկանալով մեկնաբանել, թե ինչ ընթացք կստանա իր տեղակալի այցը, ու ինչ կարգավիճակով նա կներգրավվի ՊԵԿ-ի և գործարարների կոռուպցիոն պայմանավորվածությունների մասին քրեական գործին։

Թե ինչ է ասել իր տեղակալը ԱԱԾ-ին, Անանյանը տեղեկություն չունի, բայց վստահ է` իր տեղակալը կոռուպցիոն գործարքներում ներգրավված չի եղել։

Անանյանը տեղեկություն չունի նաև ՊԵԿ նոր պաշտոնյաների`կոռուպցիոների համբավի մասին, թեև մամուլում նման նյութեր կարդացել է։

«Այդ տեղեկությունը ես էլ եմ կարդացել։ Օրինակ` Կարեն Կարապետյանը նշանակվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ։ Կարապետյանին ես ճանաչում եմ շուրջ 20 տարի։ Այդ ընթացքում 3 էպիզոդով մենք առնչվել ենք իրար հետ, և Կարեն Կարապետյանին գնահատել են որպես պրոֆեսիոնալի»,- ասաց Անանյանը` կոչ անելով բոլորին, ովքեր ունեն տեղեկատվություն որևէ պաշտոնյանի` կոռուպցիայի հետ ունեցած կապի մասին, հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։

Հիշեցնենք` ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ նա նախկինում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կառավարման օրոք զբաղեցրել է Կենտրոնի հարկային տեսչության պետի պաշտոնը:

2014 թվականի օգոստոսի 26-ին «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծի հայտնի դեպքից հետո, որով վերջինը որպես տուժող էր անցնում, ազատվեց պաշտոնից։ Իսկ իշխանափոխությունից հետո վերադարձավ ՊԵԿ համակարգ։

Մամուլը գրում է նաև, որ Կարապետյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կնքահայրն է և Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի` Հրանտ Կարապետյանի աներորդին: