ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Եթե Ռուսաստանը որոշի թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, Հայաստանը կարող է վերանայել Իրանից ներմուծվող գազի ծավալը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։
«Գազի գնի պայմանավորվածությունը գործում է մինչև տարեվերջ։ Տարվա վերջում Ռուսաստանի հետ պայմանագիրը պետք է թարմացվի, պետք է քննարկումներ լինեն։ Նվազեցումը հնարավոր է, թե ոչ, ես չեմ կարող ասել»,- ասաց նախարարը` միաժամանակ չբացառելով, որ գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը կորոշի ավելացնել իրանական գազի ներմուծման ծավալները։
«Մենք հակված ենք, որ ՀՀ էժան գազ ներկրենք»,- ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ շարքային սպառողների համար գազի գնի վերանայում կարող է անել միայն Հանրային ծառայությունների հանձնաժողովը, եթե դրա համար հիմքեր լինեն։
Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, իսկ կապույտ վառելիքը բնակչությանն է հասնում 290 դոլարով։ Մայիսի 30-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նոր նախարար Արթուր Գրիգորյանը հայտնել էր, որ նոր կառավարությունը կուսումնասիրի էլեկտրաէներգիայի և գազի սակագների իջեցման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ իրանական գազը Հայաստանն օգտագործում է Երևանի ՋԷԿ-ի և մասամբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար (պատկանում է «Գազպրոմ Արմենիային»)։ Հայաստան մտնող մնացած գազը ռուսական է։ Ստացած էլեկտրաէներգիայի մի մասը արտահանվում է հետ` Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։