Հայաստանը կարգելի՞ արդյոք Բաքվի անդամակցությունը ԵԱՏՄ–ին. պարզաբանում է նախարարը

Երևանի նկատմամբ Ադրբեջանի այսօրվա վերաբերմունքը լիովին բացառում է Ադրբեջանի` ԵԱՏՄ–ին անդամակցելու հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Ադրբեջանն այն երկիրն է, որն այսօր շրջափակում է Հայաստանը, միակողմանի միջոցներ է ձեռնարկում Հայաստանի դեմ, և այս պայմաններում անհասկանալի է, թե ինչպես կարող է նա միանալ Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամ է Հայաստանը։

Այս մասին «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի Երևանը, եթե Ադրբեջանը, թեկուզ դիտորդի կարգավիճակով, որոշի մտնել կազմակերպություն։

Հայաստանը ինչի չի գնա հանուն տարածաշրջանում անվտանգության. բացահայտում է ԱԳՆ ղեկավարը

Նա ընդգծել է, որ Բաքվի քաղաքականությունը ուղղված է փոխգործակցության ցանկացած գործընթացի դեմ. այդ երկիրը չի ստեղծում վստահության մթնոլորտ, չի նպաստում մարդկային շփումների հաստատմանը։

«Մենք գործ ունենք մի երկրի հետ, որն ամեն կերպ խթանում է ատելության մթնոլորտը: Նայեք, նույնիսկ տերմինաբանությունը, որն օգտագործվում է Հայաստանի և ողջ աշխարհի հայերի դեմ: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է: Ի՞նչ եք դուք մեզանից ակնկալում», – հռետորական հարց է տվել Մնացականյանը։

Նրա կարծիքով` համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելիս Հայաստանը չի կարող անտեսել առկա իրողությունները:

«Իսկ իրողություններն այնպիսին են, որ մենք ունենք ցանկացած փոխհարաբերություններից բացարձակ հրաժարման իրավիճակ, նույնիսկ՝ մարդկային շփումներից, էլ չեմ խոսում տնտեսականի մասին։ Այս դեպքում ինչի՞ մասին ենք խոսում: Որ մենք դիտորդ ունենանք, ով անտեսու՞մ է երկրներից մեկին, որ կարծում է, որ այդ երկրի հետ չարժե անգամ խոսե՞լ», – ասել է Մնացականյանը:

ԱԳՆ ղեկավարը հասկացնել է տվել, որ եթե Բաքուն մի պահ որոշի մտնել ԵԱՏՄ, ապա Երևանը դեմ կլինի։