Դիտարկում սահմանին. ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին առաջապահ դիրքեր դուրս չի բերել

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Արցախի ու Ադրբեջանի սահմանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն այսօր` հունիսի 8-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։ Այս մասին հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։

Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Ադրբեջանական կողմը, սակայն, ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: