Արցախում միշտ հայեր են ապրել. Սոլովյով

Հանրահայտ հաղորդավարը կարծում է, որ Արցախի բնակչությունը պաշտպանում է ինքն իրեն ու իր ազգային ինքնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը վստահեցնում է` հայերն Արցախի տարածքում միշտ են ապրել։ «Վլադիմիր Սոլովյովի հետ երեկո» հաղորդման ընթացքում հաղորդավարը վիճել է ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունի հետ։

Կովտունը ճիշտ է համարել Ադրբեջանի դիրքորոշումն ու «նրա տարածքային ամբողջականության իրավունքը»։ Ի պատասխան Սոլովյովը հետաքրքրվել է` իսկ Կովտունը գիտի՞, որ Արցախն այն հողն է, որտեղ հայերը միշտ են ապրել։

«Նույնիսկ ժամանակակից Երևանի տարածքում եղել են ժամանակաշրջաններ, երբ հայեր չեն եղել, իսկ Արցախում հայերը միշտ են եղել։ Այդ հարցը եթե չլուծվի խաղաղությամբ, միակ լուծումը կլինի Արցախում ապրող հայերին վերացնելը։ Մարդկությունը դրան չի դիմի», — ավելացրել է հաղորդավարը։

Սոլովյովն ընդգծել է` արցախցիներն այն մարդիկ են, որոնք երեկ ուսուցիչ էին աշխատում, հող էին մշակում, իսկ հետո պատերազմ եղավ, ի դեպ` Խորհրդային Միության մեղքով։ Եվ ահա այդ ժամանակ այդ մարդիկ ոտքի կանգնեցին ու ստիպված եղան պաշտպանել իրենց ու իրենց իրավունքը` լինել այն, ինչ միշտ են եղել։ Դա սարսափելի հակամարտություն է, պարզապես սարսափելի։ Սոլովյովը համոզված է, որ այն հեշտությամբ չի լուծվի։