ԵՐԵՎԱՆ, 8 Հունիս — Sputnik. Իններորդ տուրի արդյունքներով Լևոն Արոնյանը 4 միավորով կիսում է 5-6–րդ տեղերը ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Գերմրցաշարի հաղթող դարձավ մեկ այլ ամերիկացի` Ֆաբիո Կարուանան, որի հետ Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել։
Նորվեգացի Մագնուս Կառլսենը, որը ՖԻԴԵ–ի վարկանիշով առաջինն է, կիսեց երկրորդ տեղը ամերիկացի Հիկարու Նակամուրայի և հնդիկ Վիշի Անանդի հետ։ Արոնյանին հաջորդեցին ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե–Լագրավը և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։
Մրցաշարն ընթանում էր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մայիսի 27-ից մինչև հունիսի 8-ը։ Norway Chess 2018–ը համարվում է աշխարհի հզորագույն շախմատային մրցաշարը։ Եթե հիմնական ժամանակահատվածում հաղթող ի հայտ չի գալիս, անցկացվում է թայ–բրեյք։