Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Խինչեշտի քաղաքում գտնվող Մանուկ Էմանուել (բեյ) Միրզոյանի պալատը Մոլդովայի հպարտությունն է` երկրում այդ տեսակի եզակի կառույցը։ Այն հմայում է յուրաքանչյուրին, ով թեկուզ մեկ անգամ լինում է այստեղ, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց պալատի տնօրենի պաշտոնակատար Տուդոր Պլաչինտան։
Պլաչինտան Երևան է ժամանել մասնակցելու երկօրյա համաժողովին, որը նվիրված է Օսմանյան և Ռուսական կայսրությունների պետական գործիչ, հայազգի Մանուկ բեյ Միրզոյանին։ Նրան համարում են 18–րդ դարի վերջի և 19–րդ սկզբի ակնառու քաղաքական գործիչներից մեկը, որը կարևոր դեր է խաղացել Բուխարեստի հաշտության պայմանագիրը ստորագրելիս։
«Հոր մտահղացած կալվածքի շինարարությունը սկսել է Մանուկ բեյի որդին, քանի որ հայրը մահացել էր 1817թ.–ին` սրտի նոպայից։ Միրզոյանների կալվածքում գտնվող պալատը իր տեսակի մեջ միակն է Մոլդովայում։ Այն կառուցված է նեոգոթական ոճով. նման ամրոցներ են կառուցել ֆրանսիացի ազնվականները», – ասաց Պլաչինտան։
Այն ժամանակվա չափանիշներով պալատը յուրահատուկ է եղել ոչ միայն իր չափսերով, այլ նաև նրանով, որ տանիքին լողավազան ունեցել` բացառիկ բան այդ ժամանակաշրջանի համար ։
Միրզոյան ընտանիքը կալվածքում ապրել է 120 տարի։ Նրանք հսկայական ավանդ են ունեցել Մոլդովայի տնտեսական և սոցիալական զարգացման մեջ։
ԽՍՀՄ շրջանում պալատը և կալվածքը երկար տարիներ անուշադրության մատնված են եղել։
«Մենք ամեն ինչ արել ենք, որ այդ ժառանգությունը չանհետանա. նախագիծ մշակեցինք, 2.5 միլիոն եվրոյի տենդեր շահեցինք։ Մեր «Խինչեշտիի Վերսալի» (Մոլդովայում այդպես են անվանում Մանուկ բեյի պալատը` խմբ.) վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան երկու տարի»,– պատմեց Պլաչինտան։
Պալատը բացել է իր դռները 2017թ–ի ապրիլի 18–ին։ Դրանից հետո կալվածք են այցելել ավելի քան 30 հազար զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից։ Կալվածքի և դրա հետ մեկտեղ` Խինչեշտի քաղաքի հանրաճանաչությունը ամեն օր աճում է, ինչի համար մոլդովացիները շնորհակալ են Մանուկ բեյին, բացատրում է Պլաչինտան։
«Վերջին տարիներին Միրզոյան ընտանիքի պատմությունը մատնվում էր մոռացության։ Ոչ ոք չէր հիշում, թե ով է Մանուկ բեյը, ինչպիսին է նրա դերը Խինչեշտիի զարգացման մեջ», – ասաց նա։
Նա բացատրեց, որ այդ մարդու դերը Մոլդովայի և քրիստոնեական ժողովուրդների պատմության մեջ տպավորիչ կլինի յուրաքանչյուրի համար, ով ծանոթանա դրան։ Մանուկ բեյի շնորհիվ է, որ մինչ 1818թ.–ը գյուղ համարվող Խինչեշտին սկսել են կոչել գյուղաքաղաք, ինչն իրավունք է տվել ունենալ սեփական շուկան։
Իր ժամանակների ամենահարուստ ազնվականներից մեկը` դիվանագետ Մանուկ բեյը, ծնվել է 1769թ–ին Բուլղարիայում։ 12 տարեկանում հայրը նրան ուղարկել է առևտրային գործ սովորելու Յասայի (Ռումինիա) հայերի մոտ։
Մանուկը մանկուց ուշիմ է եղել, մի քանի տարի սովորելուց հետո նրա հսկողության տակ է անցնում Բուլղարիայի մետաքսի, բրդի, ծխախոտի և համեմունքների առևտուրը։ Նա այստեղ կառուցել է ջրաղացներ, կամուրջներ, իջևանատներ, զբաղվել դիվանագիտական գործունեությամբ։
Մանուկին նկատել է Օսմանյան կայսրության սուլթան Մահմուդ 2–րդ։ 1808թ–ին նա բուլղարահային առաջարկում է համատեղել թարգմանչի, Եվրոպական առաքելությունում կամ Արևելքում հյուպատոսարանի միջնորդի պաշտոնը։
Սուլթանը վստահում է Մանուկին Օսմանյան կայսրության ֆինանսների կառավարումը և շնորհում բեյի տիտղոս։
Սակայն այդ ամենը շարունակվեց մինչև Բուխարեստի հաշտության պայմանագիրը. 1812թ–ին Մանուկը կարողացավ այնպես անել, որ Ռուսական և Օսմանյան կայսրությունների միջև կնքված պայմանագիրը լինի հօգուտ Ռուսաստանի։
Սուլթանը չներեց սա. Մանուկը և նրա ընտանիքը ստիպված են լինում տեղափոխվել Բեսարաբիա։ Այսպես` նա հաստատվում է մոլդովական Խինչեշտիում, սակայն հանկարծամահ է լինում 48 տարեկանում` ավարտին չհասցնելով իր ծրագրերը։ Մանուկի գործունեությունը շարունակել է նրա որդին։