ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ զավեշտալի դեպք տեղի ունեցավ։
«Միր» հեռուստաընկերության լրագրողը հարցրեց հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ հետաքրքրվելով, թե ինչպես է այսօր օգտագործվում հարյուրամյակների պատմություն ունեցող հարաբերությունների ներուժը:
«Դուք ուզում եք, որ մենք կրկնենք այն, ինչ նոր ասացի՞նք», — ասաց Սերգեյ Լավրովն ու ժպտաց։
Երբ Լավրովը պատասխանեց հարցին, լրագրողը նկատեց. «Շնորհակալություն, Սերգեյ Վիկտորովիչ։ Ուրախ եմ, որ ժպտացիք»։
Ինչին ի պատասխան նախարարը զարմացավ` մի՞թե ինքն այդքան հազվադեպ է ժպտում։
Զոհրաբ Մնացականյանն իր հերթին նկատեց. «Անկեղծ ասած, ես այդքան էլ համաձայն չեմ այն մտքին, որ Սերգեյ Լավրովը հազվադեպ է ժպտում, քանի որ ես հաճախ եմ առավելություն ունեցել նրան տեսնել գործունեություն ծավալելիս, հատկապես ՄԱԿ-ում: Պետք է նկատեմ, որ ժպտալու ու դրանում մյուսներին ներգրավելու նրա կարողությունը լեգենդար է և շատ հայտնի Նյու Յորքում»
Լավրովն էլ իր հերթին կատակեց` արդեն ժամանակն է փակել թեման։