Ծրագի՞ր է, թե՞ երազանքների հուշագիր. Շարմազանովը` կառավարության ծրագրի մասին

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հետաքրքրում է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչ ճանապարհով է հասնելու նպատակներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Կառավարության ներկայացրած փաստաթղթում առկա են ցանկություններ, երազանքներ, նպատակներ, բայց ոչ քաղաքական ու տնտեսական ծրագիր: ԱԺ-ում գնահատելով ՀՀ կառավարության ներկայացրած առաջիկա 1 տարվա գործունեության ծրագիրը` ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց` երբ է հրաժարական տալու

«Սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրականացման գործիքակազմ, ժամկետներ և ակնկալվող արդյունք, ըստ այդմ՝ նաև քաղաքական պատասխանատվություն»,- ասաց Շարմազանովը:

Նա նաև հիշեցրեց, որ նախկին կառավարությունը ներկային փոխանցել է 7.5% աճ: Սակայն նոր կառավարությունը չի նշել, թե որն է իր ակնկալած տնտեսական աճի չափորոշիչը:

Շարմազանովը հիշեցրեց` Փաշինյանն իր ելույթում ասել է, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չի լինելու, բայց Շարմազանովին ավելի շատ հետաքրքրում էր, թե ինչ ճանապարհով է գործադիր իշխանությունը հասնելու այդ նպատակին:

Պատգամավորը նաև նշեց, որ ծրագիրը չունի արտաքին քաղաքականությանը վերաբերող հստակ ուղղություններ, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերութունների մասին:

«Խնդրում եմ ասեք` ի՞նչ է սա, ծրագի՞ր, սուրճի սեղանի շուրջ ցանկությունների ժողովածո՞ւ, թե՞ կառավարության ծրագիր»,- ասաց Շարմազանովը:

Կառավարության ներկայացված փաստաթղթում Շարմազանովը չի գտել նաև կրթության, սահմանամերձ համայնքների ապագայի մասին:

Նշենք, որ այսօր` հունիսի 7-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ներկայացրեց իր գլխավորած կառավարության ուղենիշային առաջնահերթությունները: