ՀՀ առաջին փոխվարչապետ Միրզոյանը բացատրել է գործարարների «փախուստը» ՀՀԿ–ից

Եթե նախկինում իրենց անձեռնմխելիությունն ապահովելու համար գործարարները ձգտում էին խորհրդարանում հայտնվել, ապա հիմա դրա անհրաժեշտությունը չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Դժվար թե Սամվել Ալեքսանյանի ու Արտակ Սարգսյանի` ՀՀԿ–ից դուրս գալու փաստը կապված լինի Ազգային անվտանգության ծառայության վերջին ստուգումների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

Նրա կարծիքով` երկու խոշոր գործարարների ՀՀԿ–ից հեռանալը կապված է խաղի կանոնների փոփոխության հետ։

Ծրագի՞ր է, թե՞ երազանքների հուշագիր. Շարմազանովը` կառավարության ծրագրի մասին

Հիշեցնենք` ավելի վաղ ԱԱԾ–ն ստուգումներ էր անցկացրել Հայաստանի սուպերմարկետների խոշորագույն ցանցում` «Երևան սիթի» սուպերմարկետներում։ Մի քանի օր անց` հունիսի 6–ին, դրա սեփականատերը` Սամվել Ալեքսանյանը, հեռացել է ՀՀԿ–ից։ Մեկ օր առաջ խմբակցությունից հեռացել էր մեկ այս առևտրային ցանցի` SAS–ի սեփականատեր Արտակ Սարգսյանը։

«Նոր իշխանությունը միանշանակ հասկացրեց, որ այսուհետ բիզնեսը չի կարող ու չպետք է ստվերում լինի, չպետք է կանոնավոր վճարումներ անի ինչ–որ «սև դրամարկղերի»։ Բիզնեսը պետք է հետապնդի բացառապես իր շահերն ու պետք է հարկեր վճարի օրենքով սահմանված կարգով։ Այդ պայմաններում գործարարները ստիպված չեն որևէ քաղաքական «տանիքի» տակ թաքնվել` իրենց արտաքին սպառնալիքներից ապահովելու համար», – ասաց Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով` նախկինում գործարարները ձգտում էին խորհրդարանում հայտնվել սեփական անձեռնմխելիությունն ապահովելու համար։ Հիմա դրա անհրաժեշտությունն էլ չկա։

«Կարծում եմ` մեզ օրենսդրական մեխանիզմներ են հարկավոր, որ բիզնեսը կարողանա գործել առանց պատգամավորական մանդատների ու իշխանության հետ ստվերային պայմանավորվածությունների», – հավելեց Միրզոյանը։

Փոխվարչապետին հարցրին` արդյո՞ք ասածը կիրառելի է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեպքում, որը Հայաստանի խոշորագույն գործարարներից է, ու որի թիմը նոր կառավարությունում պորտֆելներ է ստացել։

Միրզոյանը չցանկացավ կոնկրետ անուններ տալ, քանի որ, ըստ նրա, խաղի կանոնները բոլորի համար հավասար են։