Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 4 հոգու կալանավորեցին

Որոշ տեղեկություններով, ծեծկռտուքի մասնակիցներից մեկը եղել է ԱԱԾ նախկին տնօրենի որդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ստեփանակերտում հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների ներգրավմամբ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաքննության մարմնի կողմից Մխիթար Մուսայելյանին, Սերգեյ Մուսայելյանին, Գուրգեն Հայրապետյանին և Վարդան Ղարամյանին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի(խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

Արցախի ուժային կառույցները նոր ղեկավարներ ունեն. Սահակյանը հաջողություն է մաղթել հներին

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ համացանցում շրջանառվող տեղեկությունների` Վարդան Ղարամյանն Արցախի ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին է:

Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց հունիսի 1-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, վիճաբանությանը մասնակցել են մի կողմից՝ Դավիթ Հարությունյանը և Ալբերտ Ավետիսյանը, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանը, Սերգեյ Մուսայելյանը, Գուրգեն Հայրապետյանը և Վարդան Ղարամյանը (ԱԱԾ աշխատող): Ծեծկռտուքի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ: