Նույնը չեմ կարող անել ես. Փաշինյանը` արցախյան բանակցությունների ու Ռոբերտ Քոչարյանի մասին

ՀՀ վարչապետը նշել է` մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող Արցախի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմ, այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի ներկայացման իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994թ-ին, և մինչև 1998թ-ը բանակցային գործընթացը տեղի է ունեցել Արցախի մասնակցությամբ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ 20 տարի առաջ Արցախը դուրս է բերվել բանակցային գործընթացից այն բանից հետո, երբ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ դարձավ Ռոբերտ Քոչարյանը:

«Մինչև Հայաստան գալը Քոչարյանը եղել է Արցախի ընտրված նախագահը, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր: Սակայն նրանք կարող էին ունենալ Արցախի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք դրան ինչպես ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես: մեծագույն ցանկության դեպքում անգամ ես չեմ կարող Արցախի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկան ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ բարոյական հիմնավորումներ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Արցախի ժողովուրդը չի մասնակցում ՀՀ իշխանությունների ձևավորմանը, ընտրություններին, ունի իր իշխանությունը, որն էլ իրավունք ունի հանդես գալ Արցախի ժողովրդի անունից:

«Ամեն անգամ, երբ բանակցություններին ԼՂ որպես կողմ մասնակցելու հարց է բարձրացվում, Ադրբեջանն ասում է, որ դրան պետք է մասնակցել նաև ԼՂ այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Իրականում, սակայն, սա կեղծ փաստարկ է, քանի որ ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով: Կոնֆլիկտից առաջ էլ, հետո էլ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հայաստանի այս մոտեցումները որպես բանակցությունները վիժեցնելու փորձ ներկայացնողներին Փաշինյանը հակադարձեց, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ, բայց մինչ այդ պետք է ամեն ինչ անի բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: