Բիզնեսի փախուստը ՀՀԿ–ից երաշխավորում է Փաշինյանի հանգստությունը. փորձագետ

Անիմաստ է ներկայացնել ինչ–որ թվային ցուցանիշներն, եթե տարվա ընթացքում պետք է կայանան նոր խորհրդարանական ընտրություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Խորհրդարանն ընդունեց կառավարության` ներկա իրողություններին ադեկվատ ծրագիրը, հինգշաբթի Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով` Հայաստանի կառավարության ծրագիրը ինչ–որ առումով առարկայական չէ, դրանում քիչ են կոնկրետ ցուցանիշները, առաջին հերթին այն պատճառով, որ  կառավարությունն անցումային է։

ՀՀ առաջին փոխվարչապետ Միրզոյանը բացատրել է գործարարների «փախուստը» ՀՀԿ–ից

Ներկա քաղաքական իրավիճակում այլ բան ակնկալել պետք չէր։ Հաշվի առնելով այն, որ ծրագրում ամրագրված է մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, հասկանալի է դառնում, որ փաստաթուղթը նախատեսված է այդ ժամկետի համար։

«Անիմաստ էր ինչ–որ նշաձող սահմանել, հակառակ դեպքում ներկայացված թվերը լուրջ չէին ընդունվի», – հավելեց փորձագետը։

Նշենք, որ ի սկզբանե Փաշինյանը և իր կողմնակիցները հայտարարել էին, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան մինչև տարեվերջ։ Հիմա ծրագրում այդ ժամկետը երկարացվել է մինչև մեկ տարի։

Հակոբյանը սա պայմանավորում է առաջին հերթին ընտրական օրենսդրության շտկումների անհրաժեշտությամբ, ինչը որոշակի ժամանակ է պահանջում։ Պետք է ոչ միայն փոփոխություններ անել, այլ նաև համաձայնեցնել դրանք համապատասխան միջազգային կառույցների հետ։

Հակոբյանի կարծիքով` ընտրական բարեփոխումներից բացի Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժն ընտրություններին նախապատրաստվելու կարիք ունի։  Համենայն դեպս «Ելք» դաշինքը, մինչ «թավշյա հեղափոխությունը», լիովին ներկայացված չի եղել Հայաստանի մարզերում։ Պետք է լուծել տեխնիկական հարցեր` բացել մարզային ներկայացուցչություններ, տեղում կարգավորել աշխատանքը և այլն։

«Փաշինյանի և նրա թիմի չշտապելն ու հանգստությունը, ինչ–որ առումով պայմանավորված են Հանրապետական կուսակցությունից խոշոր բիզնեսի «փախուստով»։ Այսօրվա միտումները բավական հուսալի են վարչապետի համար», – ասաց նա։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ «տարվա ընթացքում» ձևակերպումը մանևրելու հնարավորություն է տալիս. ընտրությունները կարող են անցկացվել 3 ամսից կամ 7 ամսից` կախված իրադրությունից և քաղաքական պահից։ Հենց գործադիր իշխանությունը զգա իր համար բացասական միտումները և ազդանշանները` կկազմակերպի արտահերթ ընտրություններ։

Հայաստանի ԱԺ-ն հունիսի 7–ին հաստատեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը: Այն հաստատվեց ՝ 62 կողմ, 39 դեմ ձայներով: Կառավարության ծրագրի ընդունումով, փաստորեն, սպառվեց ԱԺ-ն ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու սահմանադրական դրույթը:

Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն ընդունվեց

Կառավարության ծրագիրը բաղկացած է 7 կետից` Կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-Սփյուռք կապեր։