ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայ մասնագետները մասնակցում են Վրաստանում անցկացվող «Առյուծի վահան» (LIONSHIELD) քառօրյա զորավարժություններին։ Այս մասին հայտնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։
ԵՄ-ի շրջանակում անցկացվող զորավարժությունները նպատակ ունեն նվազեցնել քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ ու միջուկային սպառնալիքների մակարդակը։ Կազմակերպիչներն են Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ), ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտը (UNICRI)։
«Վրաստանն արդեն փորձ ունի։ Բարձր որակավորում ունեցող վրացի փորձագետներն ամեն օր աշխատում են այդ ուղղությամբ` օդանավակայաններում ու անցակետերում անվտանգությունն ապահովելու համար», — ասել է ՊԱԾ-ի ղեկավարի տեղակալ Գրիգոլ Լիլուաշվիլին։
Զորավարժությունների փորձնական մասը կանցկացվի ՊԱԾ-ի գործակալության տեխնոլոգիական նորամուծությունների ու օպերատիվ-տեխնիկական կրթության կենտրոնում։ Հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային համագործակցությանը։
Քառօրյա զորավարժություններին մասնակցելու են նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սերբիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։
Զորավարժությունները կանցկացվեն երեք փուլով, յուրաքանչյուրի համար առանձին սցենար է մշակվել։ Մասնավորապես` խոսքը միջուկային ու ռադիոակտիվ նյութերի ապօրինի ներկրման մասին է։ Մասնակիցները կստուգեն համատեղ գործողությունները համակարգելու կարողությունը։