«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

«Սասնա ծռերը» հայտարարել է զինված պայքարի էջը փակելու և նոր կառավարությանն աջակցելու մասին

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Նշենք, որ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակելու համար անձնական երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը։ Նրանք դատարանի դեպոզիտ հաշվին վճարել են 500 հազարական դրամ:

Հիշեցնենք ` Կյուրեղյանը մեղադրվում է պատանդ պահելու, զենք զինամթերք կրելու, փոխադրելու և զենք-զինամթերք հափշտակելու մեջ, բայց նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։