Ո՞վ է նա, հաշմանդամի սայլակով հանդիսատեսը
Այս յուրահատուկ հանդիսատեսին առաջին անգամ հանդիպեցի մի քանի տարի առաջ, դուդուկի միջազգային փառատոնում։ Եվ հաջորդ տարին փառատոնի համերգի ժամանակ կրկին տեսա նրան` հաշմանդամի սայլակով երիտասարդ տղային։ Համերգի ժամանակ ես անընդհատ նրա կողմն էի նայում և տեսնում, թե ինչ ուշադրությամբ է լսում երաժշտությունը։ Պարզ էր, որ դուդուկի հնչյունները նրա համար աստվածային բացահայտման նման մի բան են։
«Դուդուկահար» նախագծի ղեկավար Սուրեն Բաղդասարյանն ինձ պատմեց, որ հաշմանդամի սայլակով տղան փառատոնի ոչ մի համերգ բաց չի թողնում և անձամբ ծանոթ է դուդուկի շատ վարպետների հետ։
Ես ցանկացա շփվել այդ մարդու հետ, իմանալ նրա պատմությունը և հասկանալ, թե ինչն է նրան ստիպում ամեն անգամ գալ դուդուկի համերգներին։
Նրան գտա սոցիալական ցանցերից մեկի օգնությամբ։ Անսովոր հանդիսատեսի անունը Անատոլի Կոտլյաչկով է, նա 33 տարեկան է։ Մոր` Իրինա Վալենտինովնայի հետ նա բնակվում է մերձմոսկովյան Իստրայում։ Մենք շփվեցինք մեսինջերով։ Անատոլին հարցերին պատասխանում էր շատ արագ և հանգամանալից։ Պարզվեց, որ նա պատասխանում էր ձայնային հաղորդագրությամբ։
Անատոլիի ախտորոշումը մանկական ուղեղային կաթված է։ Իր հիվանդության մասին նա հանգիստ է խոսում, առանց ավելորդ հուզմունքի. «Սա իմ կյանքն է։ Ես ի ծնե այսպես եմ ապրում»։
Դուդուկաթերապիա
Անատոլին դուդուկի երկրպագու է դարձել երջանիկ պատահականության շնորհիվ։ Նա մի քանի տարի տառապել է խրոնիկ գլխացավերով` ծանր և ուժասպառ անող։ Բայց մի անգամ նա դիտել է Ռիդլի Սքոտի «Գլադիատորը» ֆիլմը, որի երաժշտությունը գրել է մեծ դուդուկահար Ջիվան Գասպարյանը։
«Ես նկատեցի, որ դուդուկի ձայնը ոչ միայն խորապես հանգստացնող ազդեցություն ունի մարդու հոգեկան աշխարհի վրա, այլ նաև մեղմացնում է ցավը։ Հետո սկսեցի շփվել հայկական սփյուռքի հետ, ընկերներ ձեռք բերեցի։ Ընդհանրապես, դուդուկն ինձ համար Աստծո ձայնն է», – ասում է Անատոլին։
Անատոլին Կոտլյաչկովը սկսել է գնալ համերգներին։
«Իսկ հետո կատարվեց իմ ամենաանհավանական երազանքը։ Ինձ բախտ վիճակվեց ներկա լինել հենց Ջիվան Գասպարյանի համերգին «Կրոկուս սիթի հոլում»։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ դա երաժշտի կարիերայի եզրափակիչ համերգն է։ Նրան բեմում տեսնելու միակ շանսը։ Շնորհակալ եմ մայրիկիս, որն աջակցեց ինձ։ Ստիպված չէի համոզել նրան։ Նրան նույնպես շատ են դուր գալիս «ծիրանափողի մեղեդիները»», – պատմում է Անատոլին։
Երջանկությունը պարզության մեջ է
Երիտասարդն արդեն ընկերացել է մի քանի ականավոր դուդուկահարների հետ, օրինակ` Սանկտ Պետերբուրգից դուդուկահար Արգիշտիի։
«Արգիշտին իմ լավ ընկերն է։ Իմ կարծիքով` նա լավագույնն է Ռուսաստանում։ Ես սիրում են նրա երաժշտությունը անկրկնելի արևելյան կոլորիտի համար։ Եթե ես լիովին առողջ լինեի, ապա կդառնայի նրա աշակերտը», – պատմում է Անատոլին։
Անատոլիի սիրելի արտիստներից է մուլտիինստրումենտալիստ Վիտալի Պողոսյանը` նույնպես Սանկտ Պետերբուրգից։
Դուդուկից բացի Անատոլին սիրում է դասական երաժշտություն` երգեհոնային, դաշնամուրային, ջութակի և կիթառի։ Նա երբեք չի գնում փոփ համերգների։ Պաշտում է ջութակահարուհի Վանեսա Մեյին։ Մի անգամ նրան բախտ է վիճակվել ներկա լինել նաև նրա համերգին։
Արդեն երկար տարիներ Անատոլին բանաստեղծություններ է գրում, որոնք հրապարակում է ինտերնետում։ Ճիշտ է` դուդուկի մասին բանաստեղծություններ չունի։ Բայց խոստացավ, որ կմտածի այդ ուղղությամբ։