ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Դոնալդ Թրամփը ներում է շնորհել 67-ամյա աֆրոամերիկացի Էլիս Մարի Ջոնսոնին, որին ցմահ ազատազրկման էին դատապարտել թմրանյութերի վաճառքի համար, հայտնում է CNN-ը։
Հեռուստաալիքի տվյալներով` Ջոնսոնին շուտով պետք է ազատ արձակեն։
Անցյալ շաբաթ Էլիս Ջոնսոնի գործը մեծ աղմուկ էր բարձրացրել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի պատճառով։ Նա հանդիպել էր ոչ միայն Թրամփի, այլև նրա փեսայի` Ջարեդ Քուշների հետ: Քիմը խնդրել է ազատ արձակել Էլիս Մարի Ջոնսոնին։
Ավելի ուշ Թրամփը պատմել էր Քարդաշյանի հետ հանդիպման մասին` համատեղ լուսանկար հրապարակելով Instagram-ի իր էջում։
Քիմն Էլիսին ազատ արձակելը «ամենալավ նորություն» է անվանել։ Twitter-ի իր էջում նա հայտնել է, որ արդեն հեռախոսազրույց է ունեցել Էլիսի հետ։
«Նրա հետ զրույցը կյանքիս ամենաերջանիկ հիշողություններից մեկն է լինելու։ Ինձանից իմանալով իր ազատման մասին` նա երջանկությունից բղավում էր, երկուսով լալիս էինք։ Այդ պահը երբեք չեմ մոռանա», — գրել է Քիմը։
Ջոնսոնին ցմահ ազատազրկման են դատապարտել 1996 թվականին կոկաինի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորմանը մասնակցելու համար։ Նրան դատապարտել էին փողերի լվացման համար։
Սպիտակ տունը հայտարարել է, որ նա օրինակելի բանտարկյալ է և քրտնաջան աշխատել է իր համբավը վերականգնելու համար։