Արցախի ոստիկանապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Կամո Աղաջանյանը նշում է, որ իր համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին անվտանգությունը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 Հունիս — Sputnik. Արցախի ոստիկանության պետը պաշտոնից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հրաժարականի իր տեքստում Կամո Աղաջանյանը նշել է, որ վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ է տվել, իսկ մտահոգությունը երկրի ներքին անվտանգությունը չխաթարելն և ներքաղաքական սրացումներից զերծ մնալն էր։

Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը` իմ հիմնական նպատակն ու առաքելությունն եմ համարել ծառայել ժողովրդիս, ստեղծել  ու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության և հասարակության միջև։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել¸ թողնում եմ ձեր դատին։

Որքան էլ որ բարձրագոչ հնչի¸ ինձ համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին¸ այնպես էլ ներքին անվտանգությունը¸ ժողովրդի խաղաղ կենսագործունեության  համար բոլոր պայմանների ապահովումը, որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ։

Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ  հասարակության մեջ առաջացած պահանջը¸ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

Վերջում կուզեի հավաստիացնել¸ որ այսուհետ ևս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին և  հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն»,–գրել է Աղաջանյանն ու հավելել, որ եղել և մնում եմ Հայրենիքի զինվորը։