Կատաղած շունը կծել է 30 տարեկան կնոջը

Կատաղությունը Rabies վիրուսով փոխանցվում է մարդուն, և հիվանդության վերջին փուլում մարդու մոտ կաթված է սկսվում։ Իսկ երբ այն շնչառական համակարգին է հասնում, մահն անխուսափելի է դառնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Շան կծելուց հետո պատվաստման համար բժշկի է դիմել Երևանի 30-ամյա մի բնակչուհի: Իրականացվել է համապատասխան բժշկական օգնություն և տուժածի պատվաստումը կատաղության նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանի թափառող կենդանիները. ինչու՞ է Հայաստանը տարածաշրջանի «այսպիսի» միակ երկիրը

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայիսի 23-ին տուժածին՝ ձախ ոտքի սրունքի հատվածում, կծել է շների կացարան բերված թափառող շուն: Տուժածը որևէ տեղ չի դիմել բուժօգնության նպատակով, այլ հետևել է շանը։

Մայիսի 31-ին շան մոտ նկատել է վարքագծային փոփոխություն, հունիսի 1-ին շանը քնեցրել են: Կենդանու գլուխը ենթարկվել է անասնաբուժական լաբորատոր հետազոտության, որի արդյունքում շան մոտ հաստատվել է կատաղություն:

Հիվանդը ժամանակին չի դիմել բժշկի, չի ստացել համապատասխան պատվաստումներ և միայն 13 օր անց դիմել պոլիկլինիկա՝ պատվաստում ստանալու համար, միաժամանակ պարզաբանել է, որ ինքն ունի արտահայտված ալերգիա: Պոլիկլինիկայի բժիշկը խորհուրդ է տվել ստացիոնար պայմաններում ստանալ պատվաստումը՝ ալերգիկ բարդություններից խուսափելու համար: Պոլիկլինիկայի բժիշկը դեպքի մասին նաև անմիջապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարություն, և մասնագետների հորդորով հիվանդը հոսպիտալացվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:

Հիվանդը ստացել է առաջին պատվաստումը, վիճակը, այս պահի դրությամբ. բավարար է: Նրա հետագա հսկողությունը կկազմակերպվի ամբուլատոր պայմաններում՝ կլինիկական նշանների բացակայության պատճառով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը` հաշվի առնելով, որ կատաղությունը կարող է ունենալ լուրջ բարդություններ, թափառող կենդանիների, մասնավորապես՝ շների կծելու դեպքում, անհապաղ դիմել բժշկի և ստանալ համապատասխան պատվաստումներ: