Ժիրայր Սեֆիլյանը մնաց անազատության մեջ

ՀՀ վճռաբեկ դատարանում քննվում է Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով վճռաբեկ բողոքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Վերաքննիչ դատարանը մերժեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և նրա հետ նույն քրեական գործով ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի փաստաբանների միջնորդությունները` կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու մասին։

«Սասնա ծռերը» հայտարարել է զինված պայքարի էջը փակելու և նոր կառավարությանն աջակցելու մասին

Պաշտպանների ներկայացրած միջնորդությունները մերժելու որոշումը հրապարակելուց հետո դատարանը շարունակեց առաջին ատյանի վճիռը բեկանելու մասին բողոքի քննությունը։

Հիշեցնենք` այս տարվա մարտի 20-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

Դատավճռի համաձայն` դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել մեղադրանքը, որ Սեֆիլյանը 2015թ-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույքի ոչնչացմամբ։ Իսկ 2016թ-ին` սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ռազմավարական նշանակության շենքեր գրավելու նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք։