ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ֆինանսական հափշտակությունների 3 տարվա վաղեմության դեպք է հայտնաբերել։ Չարաշահումների շղթայում կարող են ներգրավված լինել գյուղապետներ, մարզպետարանի ու նախարարության պաշտոնյաներ։ Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը, հափշտակությունը կատարվել է 2015թ-ին Լոռու մարզում։
Ըստ քրեական գործի նյութերի` Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն 2015թ.-ին գյուղացիների կեղծ ցուցակներ է կազմել, որտեղ ներառել է ՌԴ-ում գտնվող ու նաև մահացած անձանց համագյուղացիների անուններ, որոնք իբր պետական ծրագրով պարարտանյութ են ձեռք բերել։
Այսպիսով գյուղապետը 11.274.000 դրամի կեղծ պայմանագրեր է կազմել, որից 3 մլն դրամը վճարվել է, իսկ մնացած 8.274.000 դրամի վերաբերյալ նոր կեղծ փաստաթղթեր է կազմել այն մասին, որ գյուղացիներն իբր հնարավորություն չունեն վճարելու։
Ստացած պարարտանյութը գյուղապետն օգտագործել է իր հողատարածքներում, մի մասն էլ նվիրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին:
Լոռու մարզպետարանում գյուղացիների վճարումներ կատարել չկարողանալու մասին դիմումները ստանալուց հետո հանձնաժողով են կազմել, որն ուսումնասիրություններ է կատարել Միխայլովկայում ու բացահայտել ամբողջ կեղծիքը։
Ուսումնասիրությունների արդյունքում կազմվել է արձանագրություն, որին կցվել են նաև բնակիչների գրավոր հայտարարությունները: Բայց այս փաստաթուղթը մարզպետարանում փոխվել է, և արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ուղարկվել այլ փաստաթուղթ` համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ կատարել չկարողանալու վերաբերյալ կեղծ հայտարարություններով:
Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա 2017թ. դեկտեմբերի 7-ին նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը Միխայլովկա համայնքին հատկացված պարարտանյութերի դիմաց 8.274.000 դրամի պարտքը ներելու մասին որոշում է կայացրել:
3 տարի անց դատախազությունը որոշել է բացել չարաշահումների գործն ու դրա նախաքննությունը հանձնարարել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը` հաշվի առնելով, որ դրանում կարող են ներգրավված լինել պաշտոնատար անձինք։