Գյումրին ու Սպիտակը նորից ցնցվեցին. երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի տարածքում քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:

«Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ»,- հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:

Նշենք, որ այսօր առավոտյան նույնպես երկրաշարժ էր գրանցվել Բավրա գյուղում (3-4 բալ), Գյումրի քաղաքում (2-3 բալ):