ԵԱՏՄ անդամ լինելը չի խանգարում, որ Եվրոպան հարաբերություններ զարգացնի Հայաստանի հետ

ԵՄ–Հայաստան հարաբերությունները որակական նոր մակարդակի են հասել. այս մասին նշվում է ԵՄ-Հայաստան համագործակցության խորհրդի առաջին նիստի նախաշեմին հրապարակված զեկույցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Եվրոպական միությունը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները ։ Դրան չի խոչընդոտում ո՛չ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, ո՛չ ԵԱՏՄ անդամակցությունը։ Այս մասին նշվում է «Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր բարձունքի վրա» զեկույցում, որը հրապարակել է Եվրամիությունը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի 2018 թվականի հունիսի 21-ին կայանալիք անդրանիկ նիստին ընդառաջ։

Արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցում ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը

Զեկույցում նշվում է, որ Եվրոպական միության և Հայաստանի միջև շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց 2015 թվականի դեկտեմբերին, այնուհետև 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։

««Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» ցույց է տալիս, որ կարելի է առաջ գնալ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը զուգահեռ», — նշվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ վերջին տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն հարաբերությունների զգալի առաջընթաց են գրանցել։ ԵՄ-ում կարծում են, որ երկկողմանի համաձայնագիրը երկու կողմերի համար էլ զգալի արդյունք կտա, ինչի վկայությունն են մի շարք փաստեր։

ԵՄ-ն կարևորում է նաև ընդհանուր ավիացիոն համաձայնագրի նախաստորագրման առաջընթացն ու տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման միջոցով մարդկանց ավելի մոտ դարձնելու հեռանկարները։

Զեկույցում առանձնացվում է նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։

«ԵՄ-ն շարունակելու է լիարժեք աջակցությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում վստահության և խաղաղության հաստատմանն ու հակամարտության կանխարգելմանն ուղղված գործողություններին: Եվրամիությունը հավատում է, որ հակամարտությունը պետք է ստանա արագ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան», — նշվում է զեկույցում։

Ըստ Երևանի ու Բրյուսելի պայմանավորվածության` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից։

Առայժմ ուժի մեջ չեն մտել միայն այն կետերը, որոնք վերաբերում են տնտեսական հարաբերություններին ու որոնք եվրոպական երկրները պետք է առանձին քննարկեն։

Հիշեցնենք, Հայաստան- ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում։

Նշենք` Հայաստանն ու ԵՄ-ն ազատ վաճառքի ռեժիմի չեն անցնի։ Այնուամենայնիվ ԵՄ-ն պահպանել է Հայաստանի համար GSP+ առևտրային արտոնությունների համակարգը։