ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` քննարկելու «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունիսի 1-ին հաստատեց իր գործունեության ծրագրի նախագիծն ու ուղարկեց Ազգային ժողով:
Նախագծի համաձայն` ՀՀ կառավարությունն առաջարկում էր Ազգային ժողովի նախագահին 2018 թվականի հունիսի 7-ին ժամը 11:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ նիստ` Կառավարության ծրագրին հավանություն տալու օրակարգային հարցով:
ՀՀ Սահմանադրությամբ ու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով» կառավարության կազմը հաստատելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է ներկայացնի իր գործունեության ծրագիրը: Այն ԱԺ հավանությանը չարժանանալու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է, ու նշանակվում են նոր ընտրություններ: