ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պաշտոնից իր հրաժարվելը Ղահրամանյանը մեկնաբանել է երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ։
«Բազմաթիվ առիթներով ասել եմ, որ Արմավիրի մարզպետ նշանակվելն ընկալել եմ վերադարձ դեպի տուն, իմ ծննդավայր, որտեղ մարդիկ ինձ միշտ շատ հարազատ են եղել, խնդիրները` ծանոթ, անելիքները` հստակ, իսկ ապագան` լուսավոր ու տեսանելի:
Առաջնորդվելով այս հիմնարար մոտեցումներով` պաշտոնավարմանս տասնմեկ ու կես տարիների ընթացքում իմ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանուն, այլ ոչ թե ընդդեմ գաղափարախոսությամբ: Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզային տնտեսություն ունենալու համար: Մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ»– գրել է արդեն նախկին մարզպետը:
Նա նաև ներողություն է խնդրել չարվածի, այն գործերի համար, որոնց իրականացումն իմ ուժերից վեր է եղել…: Սակայն լիահույս է, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն, իսկ առաջին ուրախացողը հենց ինքը կլինի: