Օսիպյանը խիստ հրահանգ է տվել ոստիկաններին. տեսանյութ

Հայաստանի ոստիկանապետը ոստիկաններին ասել է` որոնք են իրենց առաջնային խնդիրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն ու առաջին տեղակալ Արման Սարգսյանը հունիսի 4-ին խորհրդակցություն են անցկացրել ոստիկանության օպերատիվ ծառայությունների ղեկավարության ու անձնակազմի հետ:

Ոստիկանության պետն առաջնահերթ ընդգծել է կոռուպցիոն որևէ դրսևորման բացառումը, ուժային կառույցների և այլ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության ապահովումը:

Խիստ հրահանգ է տրվել բացառել հանցագործության դեպքերի թաքցնելու արատավոր երևույթն ու ոստիկանության բաժիններում բռնության որևէ դրսևորում:

Օսիպյանը կարևորել է նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկող միջոցառումները: Նշվել է ծանր, առանձնապես ծանր, հասարակական հնչողություն ունեցող դեպքերը սեղմ ժամկետներում բացահայտելու կարևորությունը, նաև մատնանշվել են կոնկրետ հանցատեսակներ՝ բնակարանային գողություններ, գրպանահատություն, ապօրինի թմրամիջոցների իրացում, օգտագործում և այլն, որոնց կանխելու ու բացահայտելու ուղղությամբ ոստիկանությունը պետք է աշխատի առավել ինտենսիվ:

Ոստիկանության պետը առաջնային խնդիրներից համարելով անչափահասների հետ տարվող աշխատանքը՝ հանձնարարական է տվել շարունակել միջոցառումները անչափահասների շրջանում՝ նրանց հակահասարակական արարքներից զերծ պահելու համար:

Օպերլիազորներին ցուցումներ է տրվել առավել սերտ համագործակցել համայնքային ոստիկանության հետ, կարևորվեց նաև բացատրական աշխատանքը ոչ միայն բնակիչների այլև նախկինում դատապարտված անձանց շրջանում:

Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է սպասարկման տարածքներում հայտնաբերել առանց լիցենզիայի կամ օրինական այլ փաստաթղթի գործունեություն ծավալողներին: