«Երեխաներին սև խավիարո՞վ էիք կերակրում». նախարարության ծրագրերը միառժամանակ կկասեցվեն

Նախորդ տարիների թենդերների ստուգումների արդյունքները շփոթեցրել են սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին։ Նա որոշ տվյալներ է ներկայացրել լրագրողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Սփյուռքի նախարարության որոշ ծրագրերը, որոնք հաստատել է կառավարությունը, կարող են կոռուպցիոն ռիսկեր պարունակել, և դրանք կդադարեցվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը` մեկնաբանելով նախորդ տարիների թենդերների ստուգումների արդյունքները։

Խոսքը մասնավորապես այն ընկերության մասին է, որը զբաղվում էր 2009 թվականից գործող «Արի տուն» ծրագրի իրականացմամբ։ Ծրագրի շրջանակում 13-ից 20 տարեկան երեխաները սփյուռքից գալիս էին Հայաստան` պատմական հայրենիքին ծանոթանալու։

Պարզվել է, որ երկու անգամվա սննդի համար 8000 դրամ է նախատեսվել, ու ամբողջ գումարը ծախսվել է։ Նախարարի կարծիքով` դա չափազանց մեծ գումար է։

«4000 դրամով այդ ի՞նչ լանչ պիտի լինի, գա՞ռ են մատուցել ամեն երեխայի համար, սև խավիա՞ր», — զարմացավ Հայրապետյանն ու ասաց, որ պետք է բացառել այդպիսի երևույթները։

Պարզվել է նաև, որ երեխաներին մի քանի տարի շարունակ նույն հյուրանոցում են տեղավորել։ Հայրապետյանը չբացառեց, որ այդպիսի մոտեցումը կարող է պայմանավորված լինել գին-որակ հարաբերակցությամբ, բայց հասկացրեց, որ դա էլ ստուգման կարիք ունի։

Զարմանք են առաջացնում նաև երեխաների տեղափոխության ծախսերը. նախարարը կարծում է, որ դրանք նույնպես չափազանց մեծ են։

Առողջապահության նախարարությունն էլ դիմեց ԱԱԾ-ին. չարաշահման դեպք է բացահայտվել

Հայրապետյանը հայտնեց, որ «Արի տուն» ծրագիրը, «Իմ Հայաստան» փառատոնը, «Սփյուռք» ամառային դպրոցը կդադարեցվեն։

Ամենակասկածելին այն փաստն է, որ տարիներ շարունակ խոշոր նախագծերի իրականացման մրցույթները նույն ընկերություններն են շահել։

«Մենք պետք է պարզենք` ինչպես է ստացվել, որ նույն ընկերությունն է անընդհատ շահել թենդերները», — ընդգծեց Հայրապետյանը։

Հայաստանի բյուջեն հիմնականում ձևավորվում է հարկատուների հաշվին։ Գիտակցելով քաղաքացիների առջև ստանձնած պատասխանատվությունը` կառավարությունը պարտավոր է գործել հնարավորինս թափանցիկ։ Իսկ իրականությունը, Հայրապետյանի խոսքով, տարատեսակ կասկածների տեղիք է տալիս։ Նախարարն իր մտահոգությունն արդեն հայտնել է պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Նրա հանձնարարականով աուդիտ է անցկացվելու։