Երեկոյան բժիշկ և շտապօգնության նոր մեքենաներ. նախարարը գտել է խնդիրների լուծման բանալին

Շուտով Հայաստան կգան շտապօգնության նոր ավտոմեքենաներ, իսկ ոչ հրատապ կանչերի վրա ժամանակ ու ռեսուրսներ ծախսելու պրակտիկան վերացնելու համար պատրաստվում են երեկոյան բժիշկների համակարգ ստեղծել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Օգոստոսին Հայաստան կներկրվի շտապօգնության 200 նոր ավտոմեքենա: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշեց` սա Չինաստանի կառավարության նվերն է Հայաստանի առողջապահության ոլորտին:

Արյան հետազոտությունների սխալները կկանխվեն. տարեվերջին կգործի նոր համակարգ

Նախարարի խոսքով` այս աջակցությունը կօգնի ամբողջությամբ լուծել Հայաստանի շտապօգնության ծառայության ավտոպարկի խնդիրները:

Իսկ այսօր շահագործվող ավտոմեքենաները, նախարարի խոսքով, կհատկացվեն մարզերին:

«Մտածում ենք այդ ավտոմեքենաների մի մասն էլ տրամադրել գյուղական ամբուլատորիաներին՝ տնային կանչերի համար»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը նշեց նաև, որ այսօր մեծ խնդիր է նաև շտապօգնության` ոչ հրատապ կանչերի վրա ժամանակ ու ռեսուրսներ ծախսելու պրակտիկան:

«Շտապօգնության կանչերի մեծ մասը չի ավարտվում հոսպիտալացմամբ: Այսինքն՝ դրանք, ըստ էության, տնային կանչեր են»,- ասաց նախարարը

Նա նշեց, որ այդ խնդրի լուծման համար կառավարությունում մտադիր են երեկոյան բժիշկների համակարգ ստեղծել, որոնք կաշխատեն հենց այդ կանչերի սպասարկման ոլորտում: