Քիմիաթերապիայի դեղեր ներկրելու իրավունք ունեն միայն օլիգարխները. Զոհրաբյան

Հայաստանը ոչ միայն ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոն չդարձավ, այլև լուրջ խնդիրներ ունի այդ ոլորտում: Պատգամավորն ահազանգում է, նախարարը՝ պատասխանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Քիմիաթերապիայի դեղեր Հայաստան ներկրելու իրավունք ունեն միայն օլիգարխիայի ներկայացուցիչները: Այսօր ԱԺ-ում առողջապահության ոլորտի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Խայտառակ որակ ու գնային խայտառակ քաղաքականություն: Մարդիկ գերադասում են գնալ բուժում ստանալ Վրաստանում կամ որևէ այլ երկրում, եթե դրա հնարավորությունն ունեն»,- ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ նախկին մի քանի կառավարությունները խոստացել էին Հայաստանը դարձնել ուռուցքաբանության տարածաշրջանային կենտրոն, մինչդեռ հիվանդացության մակարդակը Հայաստանում շարունակում է ամենաբարձրը մնալ, բուժման ու ախտորոշման որակն էլ` չափազանց ցածր:

Պատասխանելով պատգամավորի բարձրացրած հարցին՝ առողջապահության նախարարն ասաց, որ հարցը լինելու է իր ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է դեղերի ներկրմանը, ՀՀ գործող օրենսդրությամբ, եթե մի ներկրող տվյալ դեղը ներկրել է, երկրորդն այլևս չի կարողացել թույլտվություն ստանալ: ՀՀ նոր կառավարությունը մտադիր է փոխել այս կարգը, ինչը կբերի գնի իջեցման:

«Բայց օնկոլոգիայում մենք այլ խնդիր ունենք. բերվում են չգրանցված դեղեր ու իրացվում հիվանդներին,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը նոր կարգի ներդրմամբ վերահսկելու է դրանց ներկրումն ու իրացումը:

Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանային կենտրոնի բացմանը, Թորոսյանը նշեց, որ այն այդպես էլ մնացել է թղթի վրա, բայց կառավարությունը ուղիներ է փնտրում այդ ծրագիրը կյանքի կոչելու համար: