Ժամանակավորապես կկասեցվեն Մասիսի քաղաքապետի ու փոխքաղաքապետի լիազորությունները

Դատախազությունը կարծում է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը պաշտոնում մնալով՝ կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Մասիսի քաղաքապետի ու փոխքաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես կկասեցվեն։ Այս որոշումը կայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Համբարձումյանը և Կարեն Օհանյանը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք:

Մասիսի քաղաքապետին ազատ արձակեցին

Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Դ. Համբարձումյանի և Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:

Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան, միաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը»,–գրված է դատախազության հաղորդագրության մեջ:

Որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան և դրանց մասին տեղյակ է պահվել ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը։