ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Տոկոսներ նշել չի նշանակում աշխատանք անել: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում,անդրադառնալով կառավարության ներկայացրած գործունեության ծրագրում թվային տվյալների բացակայության շուրջ առկա քննադատություններին, նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Այն բնականաբար ունի տնտեսական ուղենիշներ ունի, ունի սկզբունքներ, մոտեցումներ, տեսլական ու դրանից բխող գործողություններ: Դուք քննարկման ժամանակ կտեսնեք, թե մենք ինչպես են պատկերացնում դրանց իրականացումը»,- ասաց Թանդիլյանը:
Նախարարը չցանկացավ բացել փակագծերն ու հորդորեց սպասել հունիսի 7-ին, երբ ԱԺ-ն կքննարկի կառավարության ներկայացրած ծրագիրն, ու բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
«Մենք հասկանում ենք` այն համակարգը, որ ներդրել է 20-25 տարիների ընթացքում, 1-2 օրում շտկել հնարավոր չէ, բայց այն կամքը, որ ունի այսօրվա կառավարությունը և համագործակցությունը, որ կա տարբեր գերատեսչությունների միջև, անպայման իր արդյունքները տալու է»,- ասաց Թանդիլյանը:
ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը ներկայացված է ԱԺ: Այն քննարկման է դրվելու հունիսի 7-ին նախանշված արտահերթ նիստում: