Հայաստանում պատերազմ են հայտարարել «դարի մարդասպանին». քաղաքացիների ճնշումն անվճար կչափեն

Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին զարկերակային հիպերտոնիա ունի։ Բժիշկները կօգնեն, որ քաղաքացիները ժամանակին բացահայտեն խնդիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայաստանի բժիշկները պատերազմ են հայտարարել «դարի մարդասպանին»` զարկերակային հիպերտոնիային։ Նրանք մտադիր են տեղի բնակչությանն ապացուցել, որ այդ հիվանդությունը վտանգավոր է, բայց ոչ դատավճիռ։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց Երևանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը։

Առողջապահության նախարարությունն էլ դիմեց ԱԱԾ-ին. չարաշահման դեպք է բացահայտվել

Հայկական բժշկական ասոցիացիան և Սրտաբանների հայկական ասոցիացիան հիպերտոնիայի միջազգային միության և հիպերտոնիայի համաշխարհային լիգայի հետ համատեղ ակցիա են իրականացնելու մարդկանց զարկերակային գերճնշումը բացահայտելու համար։

Ակցիան մեկնարկում է այսօր` հունիսի 5-ին, և կտևի մինչև հուլիսի 25-ը` ընդգրկելով Երևանն ու Հայաստանի մյուս քաղաքները։

Նախագծի շրջանակում բժիշկները որոշել են զարկերակային հիպերտենզիա հայտնաբերել 18 և բարձր տարիքի քաղաքացիների շրջանում, ինչպես նաև բարձրացնել բնակչության իրազեկության մակարդակը։

«Դարի հիվանդության» հայտնաբերման ակցիայի շրջանակում մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում շրջիկ բժիշկները կչափեն բոլոր ցանկացողների զարկերակային ճնշումը։

Սա կարևոր է, եթե հաշվի առնենքն, որ ամեն տարի աշխարհում մոտ 10 մլն մարդ է մահանում սրտանոթային հիվանդություններից։

«Հիվանդները մահանում են ոչ թե բուն հիվանդությունից, այլ այն պատճառով, որ ժամանակին և արդյունավետ չեն բուժվում», — ընդգծեց Զելվեյանը։

Պետությունը վճարում է, բայց բժիշկը փող չի ստանում. նախարարը կզբաղվի պետպատվերի հարցով

Ռիսկային խմբում են այն հիվանդները, որոնց ճնշումը 140/90-ից բարձր է, բայց առանձին դեպքերում այդ ցուցանիշը կարող է նաև ցածր լինել։

«Սիստոլիկ ճնշման իջեցումը թեկուզ 10 մմ-ով կրճատում է մահվան վտանգը հիվանդների մոտ 13%-ով, գլխուղեղի կաթվածը` 27%-ով, սրտամկանի ինֆարկտն ու սրտանոթային հիվանդությունները` 20%-ով», — պարզաբանեց Երևանի գլխավոր սրտաբանը։

Նա նշեց, որ ճիշտ սնվելու, լիարժեք քունն առնելու ու ֆիզիկական ակտիվության դեպքում սիստոլիկ (վերևի) ճնշումը կարող է իջնել 20 մմ-ով։

Սովորաբար բուժումը նշանակվում է, եթե մարդու ինքնազգացողությունը չի լավանում նույնիսկ առողջ ապրելակերպ վարելու դեպքում։ Այդ դեպքում բժիշկն արդեն պետք է դեղորայք նշանակի, որը կօգնի լուծել առողջական խնդիրը։

«Մեր բնակչության շրջանում թյուր պատկերացում կա. ենթադրենք, եթե իմ հարևանին ճնշման դեմ օգնում է որևէ X դեղորայք, ապա այն ինձ էլ պարտադիր կօգնի։ Բայց մասնագետները տարիներով սովորում են, թե ըստ ախտանշանների որ դեղը կարող է օգնել այս կամ այն հիվանդին», — ասաց Զելվեյանը։

Սրտաբանը կոչ արեց բնակչությանը այդ հարցում ինքնաբուժությամբ չզբաղվել և մշտապես կապի մեջ լինել բուժող բժիշկի հետ։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանում զարկերակային հիպերտոնիա հիվանդությունը չի «երիտասարդանում»։ Պարզապես ախտորոշման ավելի բարձր մակարդակի ֆոնին տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանում երիտասարդների շրջանում հիպերտոնիայով տառապողների թիվն աճել է։

Հայաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ զարկերակային հիպերտոնիա ունի, ամենից շատ այդ խմբում են 70 և բարձր տարիքի հիվանդները։

Աշխարհի ավելի քան 100 երկրում մայիսի 17-ին մեկնարկեց մեկ ամսվա ընթացքում 25 մլն մարդու զարկերակային ճնշումը չափելու արշավը, ինչը կնպաստի հիպերտոնիայի վաղ հայտնաբերմանը և արդյունավետ կանխարգելմանը։