Պետությունը վճարում է, բայց բժիշկը փող չի ստանում. նախարարը կզբաղվի պետպատվերի հարցով

ՀՀ առողջապահության նախարարը խոստանում է վերանայել առողջապահության ոլորտում պետպատվերի համակարգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Պետպատվերով ծառայությունների դիմաց բժիշկներին աշխատավարձ չեն տալիս: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ գիտի խնդրի մասին:

«Որոշ հիմնարկներում տալիս են, որոշներում` ոչ: Հետաքրքիրն այն է, որ մարզային հիմնարկներում իրենց սուղ միջոցներից նաև աշխատավարձին են հատկացնում, իսկ Երևանի խոշոր բուժկենտրոնները հայտարարում են, որ գումարը չի հերիքում ու բժշկին դրանից աշխատավարձ չեն տալիս»,- ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` այդ պարագայում բժիշկն ակնկալում է այլ վարձատրությունը:

«Եթե խախտվում է պետպատվերի պայմանագիրը, բուժհիմնարկը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության»,- հիշեցրեց նախարարը:

Ստեղծված իրավիճակը շտկելու համար նախարարը մտադիր է վերանայել պետպատվերի համակարգն ու դրանում նաև աշխատավարձերի հաշվարկի մեխանիզմը:

Նշենք, որ պետպատվերով յուրաքանչյուր վիրահատությունից բժիշկը օրենքով պետք է գումար ստանա։