ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Երևանում նոր աղբանոցի կառուցման մրցույթը պետք է հայտարարվի առաջիկա օրերի ընթացքում։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։
Նոր աղբանոցում կենսագազը հավաքելու սարք է տեղադրվելու և 1 մեգավատանոց գեներատոր, որը գազից էլեկտրականություն է ստանալու։
Մրցութային փաթեթը պատրաստել է «GMCS-Պրահա» ընկերությունը։ Կառուցումը ֆինանսավորելու են եվրոպական կառույցները, ֆինանսավորումը կկազմի 24 միլիոն եվրո։ Ութ միլիոն եվրոյի չափով վարկեր կտրամադրեն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Եվրոպական ներդրումային բանկը։ Եվս ութ միլիոն դրամաշնորհ կտրամադրի Եվրոպական հանձնաժողովը` եվրոպական հարևանության ծրագրի շրջանակում։
«Հիմա մենք ՎԶԵԲ-ի հետ քննարկում ենք մրցույթի ապագա հաղթողների հետ պայմանագրի ձևը։ Եթե այդ իրավական հարցերը վերջնականապես լուծվեն, ապա մեկ ամսվա ընթացքում կարելի է կառուցման մրցույթ հայտարարել», — հայտնեց Նիկոյանը։
Եվս երկու ամսից քաղաքապետարանը կամփոփի մրցույթը։ Այդ տվյալները կուղարկվեն Լոնդոն` ՎԶԵԲ Տնօրենների խորհուրդ։ Այստեղ հայտը կքննարկեն մեկից վեց ամսվա ընթացքում։
Նոր աղբանոցի երկու հատվածները միասին մոտ 10 տարի կծառայեն։ Դրանից հետո ուզում են ևս երեք հատված կառուցել` 5 տարվա «ծառայության» ժամկետով։ Առաջին երկու տարածքները մոտ 13 հա տարածք կզբաղեցնեն (ներկայիս Նուբարաշենի աղբանոցը մոտ 30 հա է զբաղեցնում)։
Քաղաքապետարանի ունեցած հաշվարկներով` մայրաքաղաքում տարեկան 350 հազար տոննա աղբ է հավաքվում։ Իսկ հաշվի առնելով, որ աղբը նաև մերձակա բնակավայրերից են բերում, այնտեղ ընդհանուր առմամբ 400 հազար տոննա աղբ է հավաքվում։
«Ուզում ենք մեկ մեգավատանոց գեներատոր տեղադրել։ Ճիշտ է` դա շատ մոտավոր գնահատական է, քանի որ չգիտենք` որտեղ ու որքան կենսագազ է այնտեղ հավաքվում։ Մանրամասները կպարզենք աղբանոցի օպերատորի հետ աշխատելիս», — ասա Նիկոյանը։
Կենսագազի կայանից ստացած էլեկտրականությամբ ուզում են նախևառաջ լուսավորել այդ տարածքն ու օժանդակ շենքերը, իսկ ավելցուկը` վաճառել ցանցին։
Քաղաքապետարանը դեռ չի որոշել` մարդիկ աղբի համար ավելի շատ գումար կվճարեն, թե ոչ։ Ամեն դեպքում աղբահանությամբ զբաղվելու է նույն «Սանիթեք» ընկերությունը, իսկ աղբանոցի օպերատորը միայն ընդունելու է աղբը։ Բնականաբար, ոչ անվճար։ Իսկ թե որքան գումար կպահանջի, ու կփոխվի արդյոք աղբի համար վճարը, ցույց կտա մրցույթը։