ՀՀԿ խմբակցությունից այլևս ոչ ոք չի հեռանա, եթե ՀՀԿ-ն չստիպի. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ իրենք որևէ մեկից հիվանդագին ձևով կառչած չեն, իսկ Ֆելիքս Ցոլակյանը մի քանի օր շարունակ «սիրողական մակարդակով» է անդամակցել խմբակցությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ իրենց խմբակցությունից հեռացողներ այլևս չեն լինի:

«ԱԺ ՀՀԿ խմբակցությունից այլևս ոչ ոք չի հեռանա, եթե ՀՀԿ-ն չստիպի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա` անդրադառնալով պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի երեկվա հայտարարությանը

Հիշեցնենք`պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից։

«Մենք ենք հորդորել այն բոլոր պատգամավորներին, այսպես ասած` գործարար մարդկանց, որ եթե կլինեն խանգարող հանգամանքներ, իրենք ազատ են և կարող են գնալ: Մենք որևէ մեկից կառչած չենք, մենք դա հիվանդագին և ցավալի չենք տանում», —ասաց նա:

Ինչ վերաբերում է խմբակցությունը լքած պատգամավորներին, Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ երբ Ֆելիքս Ցոլակյանի հեռացման հարցը դրված էր, ինքն էր խնդրել, որ մնա խմբակցությունում:

«Նրան հորդորել էինք, որ եթե մեր քաղաքական դիրքորոշումներին ոչ համահունչ կրկնություններ կլինեն, մենք հարցը նորից կվերանայենք: Նա մտածել էր և ինձ հետ հեռախոսազրույցում ասել, որ ավելի լավ է` դիմում գրի: Ամսի մեկից Ցոլակյանն արդեն սիրողական մակարդակով էր խմբակցության անդամ»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորներից մեկն էլ լքեց ՀՀԿ–ն

Իսկ Շիրակ Թորոսյանին, Բաղդասարյանի խոսքով, ՀՀԿ-ն է հեռացրել խմբակցությունից։

«Ցանկացած ուժ պետք է պատրաստ լինի և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն լինելուն»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` նշելով, որ ներկա վիճակում ՀՀԿ-ի համար առաջնային է գաղափարական հենքը:

ԱԺ ՀՀԿ խմբակցությունում նախկին 58-ի փոխարեն այս պահին 54 պատգամավոր կա:

Բացի Ֆելիքս Ցոլակյանից, ՀՀԿ-ն ավելի վաղ լքել էին Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը և Արման Սահակյանը: